ՀՅԴ համապետական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը ասում է, որ կուսակցությունն ընտրություններից հետո կհամագործակցի բոլոր այն ուժերի հետ, որոնք կընդունեն իրենց երկու պայմանները: «Հիմնական երկու պահանջներն են, որ դնում ենք այս ընտրությունների հետ կապված: Առաջինը, անշրջելի պետք է դառնա այն, ինչ որ մենք սկսել ենք, այսինքն` էս համակարգը չփորձեն հետ շուռ տալ, նորից տանել նախագահականի: Էդպիսի կոչեր հնչում են: Սա պիտի մենք անշրջելի դարձնենք: Երկրորդը, այնքան պետք է արագ տեմպերով այս արդեն փոխած ուղղությամբ շարժվենք առաջ, որ կարողանանք արագ բարեփոխումներ իրականացնել՝ էս համակարգի բերած հնարավորությունները ավելի լիարժեք օգտագործելու միջոցով: Այս մոտեցումները ով որ կընդունի, մենք իր հետ պատրաստ ենք գնալ համագործակցության»: Արմեն Ռուստամյանն այսօր ասաց, որ կոալիցիայի վերաբերյալ քննարկումներ չեն եղել. «Հետընտրական կոալիցիայի հետ կապված քննարկումներ չեն եղել: Մեր խնդիրը շատ հստակ է. մենք միշտ համագործակցության հետ կապված ունենք մեր սկզբունքային դիրքորոշումը՝ համաձայնություն է առաջացնում մյուսների հետ՝ մենք իրենց հետ համագործակցում ենք: Օրինակ, նախկինում դա 7 կետերն էր, ընդունեց իշխանությունը՝ մենք համագործակցեցինք»:
Ռուստամյանն անդրադարձավ նաև կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրաժարականի պահանջին: 100-ից ավելի դպրոցների տնօրենների կողմից ՀՀԿ-ի օգտին ցուցակներ կազմելու բացահայտումից հետո նախարարի հրաժարականը պահանջեց ՀԱԿ - ՀԺԿ դաշինքը: «Դա նախ քարոզչական տրյուկ է»,- ասաց նա: «ՀԱԿ-ի հիմնական գաղափարական հակառակորդը ՀՅԴ-ն է: Դաշնակցության դրոշը իրենց համար կարմիր լաթ ա, դրանից ջղաձգումների մեջ են միշտ ընկնում: Բայց համակարգին ծանոթ մարդը գիտի, որ Լևոն Մկրտչյանը ուղղակի պատասխանատվություն չունի դրա հետ: Լևոն Մկրտչյանին ենթարկվում են միայն ավագ դպրոցները, մնացած դպրոցները համայնքապետերը և մարզպետներն են նշանակում: Էս պարզ ճշմարտությունն իրանք հաստատ գիտեն, բայց, բնականաբար, օգտվելով նրանից, որ շատերը դա չգիտեն, ուղղում են սլաքները դեպի Լևոն Մկրտչյանը: Այդ երևույթի վերաբերյալ հենց ինքը՝ Լևոն Մկրտչյանը դատապարտող հայտարարություններ արել է և այն, ինչ որ իրենից կախված է, դա անպայման անելու է»: